Ինչպե՞ս ատամների մաքրումը դարձնել սովորույթ ու զվարճանք մանուկների համար:
Նախորդ էջ
25/02/2025

Ինչպե՞ս ատամների մաքրումը դարձնել սովորույթ ու զվարճանք մանուկների համար:

Օրական երկու անգամ երեխաների ատամները մաքրելը կարող է դյուրին թվալ, բայց շատ ծնողների համար դա կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Երեխաներին բերանի հիգիենայի կարևորությունը սովորեցնելը ոչ միայն նրանց առողջ ժպիտի գրավականն է, այլև կանխում է ատամնաբուժական հիմնական խնդիրները, ինչպիսիք են՝ կարիեսն ու լնդերի հիվանդությունները։

Ահա մի քանի գործնական խորհուրդ, թե ինչպես ատամների մաքրումը դարձնել ձեր երեխայի առօրյայի կանոնավոր մասը։

 

1.     Օգնեք հասկանալ դրա կարևորությունը

Երեխաները ավելի հեշտ են ընդունում նոր սովորույթները, երբ գիտակցում են պատճառները։ Պարզ և հասկանալի լեզվով բացատրեք, թե ինչպես է ատամների մաքրումը հեռացնում սննդի մնացորդները, կանխում կարիեսը (կամ «փոքրիկ սև կետերը») և թարմացնում շնչառությունը։ Օրինակ՝ կարող եք ասել․ «Ատամների մաքրումը դարձնում է դրանք ավելի ուժեղ և գեղեցիկ, որպեսզի դրանք երկար ծառայեն քեզ»։

Հետաքրքիր դարձրեք գործընթացը կրթական նյութերով, ինչպիսիք են՝ գունագեղ հեքիաթները կամ անիմացիոն տեսանյութերը բերանի խոռոչի հիգիենայի մասին։ Այս նյութերի կերպարները սովորում են մաքրել ատամները և ցույց են տալիս՝ ինչ է լինում, եթե դա անտեսում են։ Օգտագործեք առօրյայի յուրաքանչյուր պահ, օրինակ՝ կոնֆետի գովազդ տեսնելիս, երեխային հիշեցրեք հիգիենայի կարևորության մասին։ Հաճախակի կրկնեք այդ միտքը խաղի ձևով։

 

2.     Դարձրեք սովորույթ

Ցանկացած սովորույթ ձևավորելու համար կարևոր է պարբերաբար կրկնությունը , հատկապես երեխաների մոտ։ Սահմանեք ֆիքսված ժամեր ատամները մաքրելու համար, օրինակ՝ նախաճաշից հետո և քնելուց առաջ, որպեսզի այն դառնա առօրյա բնական գործողություն։ Կանոնավոր գրաֆիկը հեշտացնում է երեխայի համար նոր սովորության ընդունումը։

Ավելացրեք զվարճալի տարրեր՝ ընտրելով ատամի խոզանակներ նրանց սիրելի կերպարներով կամ վառ գույներով և ատամի մածուկներ յուրահատուկ համերով (օրինակ՝ ելակի կամ կոլայի համով): Ձեր կողմից խրախուսանքը նույնպես կարևոր է՝ գովեք երեխային իր ջանքերի համար և պարգևատրեք փոքրիկ նվերներով։

Եղեք համբերատար և ըմբռնող, հատկապես այն օրերին, երբ երեխան հրաժարվում է մաքրել ատամները։ Հիշեցրեք նրան ատամները մաքրելու կարևորության մասին՝ առանց պատժելու, բացասական ասոցացիաներից խուսափելու համար:

 

3.     Դարձրեք զվարճանք

Ատամները մաքրելը վերածեք խաղի կամ ստեղծագործական զբաղմունքի, որպեսզի գրավեք երեխայի ուշադրությունը։
Ահա մի քանի խորհուրդ՝
— Երգեք երգեր։

Ստեղծեք կարճ ու հիշվող երգ ատամները մաքրելու մասին, որում, անգամ, կնշվի երեխայի անունը։ Կարող եք նաև որևէ հայտնի մեղեդի օգտագործել։
— Մաքրեք ատամները միասին։

Թույլ տվեք երեխային մաքրել ձեր ատամները կամ դա արեք միասին՝ ցույց տալով ճիշտ տեխնիկան։ Երեխաները սիրում են ընդօրինակել ծնողներին։
— Մրցույթներ կազմակերպեք։

Եթե մի քանի երեխա ունեք, կազմակերպեք մրցույթ՝ տեսնելու, թե ով կարող է ամենալավը (ոչ թե արագ) մաքրել ատամները։ Նրանց պարգևատրեք միավորներով, կպչուն պիտակներով կամ ընտանեկան զբաղմունքի ընտրության հնարավորությամբ։

Ատամները մաքրելը հետաքրքիր դարձրեք, որպեսզի երեխաները անհամբերությամբ սպասեն այդ պահին և չընկալեն դա որպես պարտականություն։

 

4.     Օրինակ ծառայեք

Երեխաները սովորում են այն, ինչ տեսնում են, ուստի նրանց ցույց տվեք, թե ինչպես եք ինքներդ ամեն օր մաքրում ատամները։ Ցույց տվեք, թե ինչպես է պետք մաքրել բոլոր անկյուններն ու մակերեսները։ Միացեք նրանց զվարճանքին կամ թույլ տվեք, որ «ստուգեն» ձեր ատամները մաքրելու հմտությունները։

Կանոնավոր ատամնաբուժի այցելությունները ևս կարևոր են։ Երեխաներին ձեզ հետ տարեք ստուգման կամ ձեր ստուգումներն ամրագրեք նույն օրը։ Դրա արդյունքում երեխան ավելի հասկանալի խորհուրդներ կստանա մասնագետների կողմից։
Հաջողության բանալին համբերությունն ու կարգապահությունն է։


Երեխաներին ատամներ մաքրել սովորեցնելը պահանջում է ստեղծարարություն, համբերատարություն և հետևողականություն։ Բացատրեք կարևորությունը, ստեղծեք գրաֆիկ և գործընթացը վերածեք զվարճանքի, որպեսզի հիմք դնեք առողջ և ճիշտ սովորույթներին։ Հիշեք՝ դրական մոտեցումն ու ցանկացած փոքր ձեռքբերումների խրախուսումը մեծ նշանակություն ունեն։

Ժամանակի ընթացքում ատամները մաքրելը կդառնա երեխայի համար բնական գործընթաց, որը կպարգևի նրան ոչ միայն պայծառ ժպիտ, այլև՝ առողջ ատամներ երկար տարիների համար:

 

 

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպե՞ս ատամների մաքրումը դարձնել սովորույթ ու զվարճանք մանուկների համար:
25/02/2025
Օրական երկու անգամ երեխաների ատամները մաքրելը կարող է դյուրին թվալ, բայց շատ ծնողների համար դա կարող է դառնալ իրական մարտահրավեր։ Երեխաներին բերանի հիգիենայի կարևորությունը սովորեցնելը ոչ միայն նրանց առողջ ժպիտի գրավականն է, այլև կանխում է ատամնաբուժական հիմնական խնդիրները, ինչպիսիք են՝ կարիեսն ու լնդերի հիվանդությունները։
Կարդալ ավելին
Կորեական FAU կոսմետիկ ապրանքանիշի գրավչությունը։ Ինչու՞ ընտրել
21/12/2024
FAU-ի առանձնահատկություններից է այն, որ այս պրոդուկտների շնորհիվ Ձեր տնային խնամքը դառնում է գեղեկցութան մասնագետի կատարած աշխատանքի նման մանրակրկիտ և տեսանելի բարելավում է Ձեր մաշկի որակը
Կարդալ ավելին